
Լոռու մարզի Վահագնի համայնքի բնակիչ Կարեն Մեջինյանը հայց է ներկայացրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դեմ՝ սեփականության իրավունքի խոչընդոտները վերացնելու պահանջով:
Կարեն Մեջինյանը ՀՀ Լոռու մարզի, Վահագնի համայնքի, Վանաձոր-Ալավերդի խճուղի 14 հասցեում գտնվող 06-103-0115-0003 կադաստրային համարի տակ գրանցված հողամասի սեփականատերն է: Հայցվորը պնդում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի ասֆալտապատման ընթացքում հողաշինարարական աշխատանքներ են իրականացվել իր հողամասում. ասֆալտապատված հատված և կառուցված սելավատարը հայտնվել են հենց իր հողամասում:
Վերոհիշյալ կադաստրային համարին պատկանող հողամասի սահմանները պարզելու նպատակով դատավոր Արամ Մկրտչյանը նախնական նիստի ժամանակ նշանակել է դատահողաշինարարատեխնիկական փորձաքննություն: Պարզվել է, որ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որպես պատասխանող կողմ, սխալ է ընտրված: Որպես պատասխանող կողմ, գործում պետք է ներգրավել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
2021թ․ սեպտեմբերի 14-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում իրականացվող դատական նիստին հայցվորի փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը դատարան միջնորդություն ներկայացրեց հաջորդ նիստին հրավիրել դատահողաշինարարատեխնիկական փորձաքննություն իրականացնող փորձագետներին, որպեսզի հարց ու պատասխանի միջոցով պարզաբանվի հայցվորին պատկանող հողամասի տարածքը ըստ քարտեզագրման: Դատարանը պաշտպանի միջնորդությունը բավարարեց:
Հաջորդ դատական նիստը 2022թ. հունվարի 26-ին է:

